Այս պահին 300 մլրդ դրամ կա ՀՀ-ում, որ դատական պրոցեսի մեջ գտնվելու պատճառով ոչ մեկինը չէ. Փաշինյան

Դատական համակարգի այսօրվա գործունեությունը շատ մեծ խնդիրներ է ստեղծում նաեւ տնտեսության համար: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի այն հարցին, թե ի՞նչ եղանակներով եւ միջոցներով է կառավարությունը զարգացնելու փաստաբանությունը, նոտարիատը եւ արբիտրաժը:

«Օրինակ, այս պահին 300 մլրդ դրամ կա ՀՀ-ում, որ դատական պրոցեսի մեջ գտնվելու պատճառով ոչ մեկինը չէ: Այսինքն, այդ 300 մլրդ դրամը ինչ-որ բանավեճային հարթակում դրված է եւ տարբեր մարդիկ վիճում են, թե ումն է դա եւ քանի որ վեճը լուծված չէ, այդ փողը չի կարող ներդրվել տնտեսության մեջ եւ ինչ-որ խնդիր լուծել:

Դրա համար մենք շատ կարեւորում ենք, որ հարցերի արբիտրաժային լուծումները եւ հնարավորինս այլընտրանքային լուծումները զարգանան: Ինչ վերաբերվում է փաստաբանական գործունեությանը, ապա բնականաբար դատական համակարգը ինչքան ազատ լինի, անկախ լինի եւ ինչքան վեճերի լուծման մեխանիզմները արդյունավետ լինեն, դա իր հետ կբերի նաեւ փաստաբանական գործունեության արդյունավետության:

Ես համաձայն չեմ այն տրամաբանության հետ, որ յուրաքանչյուր մասնագիտական խավ մտածում է, որ ինքը պետք է լինի այն խավը, որ հարկեր պետք է չվճարի: Օրինակ, ստվերի մասին եք հարցնում: Փաստաբանական գործունեության մեջ մենք գիտե՞նք՝ ստվեր կա, թե չկա: Իհարկե, կա հսկայական ստվեր: Եկեք մտնենք «Դատալեքս» եւ կտեսնենք փաստաբաններ, որ 100 հատ գործ ունեն: Եկեք գնանք, տեսնենք, թե ինչքան եկամուտ է ցույց տվել այդ փաստաբանը: Այս 100 գործի եկամուտը ցույց թվել է, թե ոչ:

Բայց քանի որ փաստաբանները կազմակերպված ժողովուրդ են եւ սիրում են պաշտպանվել, ամեն օրենսդրական փոփոխությունից պաշտպանվում են: Մենք չունենք գործուն մեխանիզմ՝ այդ եկամուտները հաշվառելու եւ ստվերը գնահատելու եւ կառավարելու: Մենք ոչ միայն փաստաբաններին, այլեւ հանրության մյուս խավերին հրավիրում ենք երկխոսության: Մենք այստեղ որեւէ մեկի հակառակորդը չենք եւ որեւէ մեկին հարվածելու խնդիր չունենք: Մենք խնդիր ունենք ընդհանուր ջանքերով իրար հետ մեր խնդիրները լուծել»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով նոտարիատի հետ կապված հարցին, Փաշինյանն ասաց. «Մեզ համար առաջին հերթին կարեւոր է նոտարիատի ծառայության որակի բարձրացումը, մատչելիությունը` քաղաքացիների համար եւ նաեւ թափանցիկության, հաշվետվողականության տրամաբանությամբ ենք պատկերացնում այդ հարցերի լուծումները»:

Աղբյուր՝https://blognews.am/arm/press/592089/?fbclid=IwAR0_Zr-zxynGAUfE0Jkj6GJp4WodcEvFbHVu-i0YpUIM1JSIkmL3UumIUds

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*