Գուդ բայ, չաո բամբինո… ՀՀԿ ԳՄ անդամները հեռանում են. անհարմար վիճակ

Երբեմնի իշխող կուսակցությունից՝ ՀՀԿ-ից, հեռանում են ոչ միայն շարքային անդամները, այլեւ կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները: Հիշում եք, թավշյա հեղափոխության օրերին շատերը պարզապես պատռում էին իրենց անդամատոմսերը: Մեծ մասը չի էլ զգուշացրել, որ լքում է ՀՀԿ-ն` իրեն համարելով ՀՀԿ-ից դուրս եկած: Դեռ հոկտեմբերին, պաշտոնական տվյալներով, կուսակցության շարքերը լքել են 8000 անդամ: Նշենք նաեւ, որ հիմա դուրս եկածների թիվը ՀՀԿ-ն չի հրապարակում, ըստ երեւույթին, այն պատճառով, որ լքողների թիվը հասել է տասնյակ հազարների: Ու հիմա բանը հասել է նրան, որ կուսակցության շարքերը լքում են ոչ միայն շարքային անդամներ, այլեւ ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ։ Առաջինը ՀՀԿ-ն լքեց նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը, որը նախորդ ընտրությունների ժամանակ իր գեղեցիկ ժիլետով ու շարժուձեւով փորձում էր ՀՀԿ դեմքը դառնալ, ՀՀԿ հույսը: Հենց նրա ուսերին էր դրված ՀՀԿ-ի ամբողջ քարոզչությունը։ Անհերքելի է, որ Կարեն Կարապետյանը իրականում որեւէ առնչություն չուներ ՀՀԿ-ի հետ, նրա աշխարհայացքը որեւէ ընդհանրություն չուներ

տարոնանժդեհականության գաղափարախոսության հետ, եւ այդ կուսակցությունում, այն էլ` առաջին փոխնախագահի դերում, հայտնվել էր միայն ու միայն վարչապետի պաշտոնում նաեւ Սերժ Սարգսյանի նախագահությունից հետո աշխատելու համար: Իսկ թավշյա հեղափոխությունից հետո սպասելի էր նրա` ՀՀԿ-ն լքելը: Կուսակցությունը լքեց նաեւ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանը։ Ճիշտ է, ներկա վիճակում գուցե անսպասելի էր Ֆարմանյանի՝ ՀՀԿ-ն լքելու որոշումը, սակայն պետք է նշենք, որ այն այնքան էլ շոկային չէր՝ հաշվի առնելով փաստը, որ չնայած երիտասարդ տարիքին` հասցրել է անհիշելի թվով կուսակցությունների անդամագրվել ու լքել: Արդեն երեկ ՀՀԿ ԳՄ անդամներից Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց կուսակցությունը լքելու մասին եւ, ըստ էության, պատճառաբանեց իր որոշումը. «Մեր երկրին ծառայելու համար բացի քաղաքականությունից եւ պետական ծառայությունից կան այլ կարեւոր հարթակներ, որոնք պահանջում են իրական նվիրվածություն եւ

պրոֆեսիոնալիզմ։ Հատկապես կարեւոր է, որ այս փուլում հնչող կարծիքը չդիտարկվի քաղաքական հետագծի կամ կուսակցական պատկանելության լույսի ներքո»,- մասնավորապես գրել էր նա: Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ-ում պատահական մարդ չէ. թեեւ նա ՀՀԿ-ի համեմատաբար նոր դեմքերից է (տարիքի բերումով), բայց եւ հասցրել է այդ կարճ ժամանակահատվածում հայտնվել կուսակցության վերին օղակներում, դառնալ ԳՄ անդամ: Կուսակցական պատկանելիության շնորհիվ էր թերեւս, որ նա հասցրեց լինել ոչ միայն ԱԺ պատգամավոր, այլեւ ՀՀ արդարադատության նախարար, այնուհետեւ ԱԺ փոխնախագահ: Ավելին, ե՛ւ 2017թ. ԱԺ ընտրություններին, ե՛ւ 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններին նա ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում էր: Բայց հիմա ստացվում է, որ ՀՀԿ-ն լքում են այդ կուսակցության «դեմքերը»: Թեեւ Հովհաննիսյանը որոշումը պայմանավորել է «..հատկապես կարեւոր է, որ այս փուլում հնչող կարծիքը չդիտարկվի քաղաքական հետագծի կամ կուսակցական պատկանելության լույսի ներքո»,

այնուամենայնիվ, փաստ է, որ ՀՀԿ-ից նա դուրս է գալիս այս կուսակցության համար ամենածանր շրջանում: Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը «Դավիթ եւ գործընկերներ» խորհրդատվական ընկերությունում իրականացնելու է մասնագիտական գործունեություն` գործընկերոջ կարգավիճակով: Չի բացառվում՝ Արփինե Հովհաննիսյանի նման այդ նույն պատճառաբանությամբ ՀՀԿ-ն լքի նաեւ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դավիթ Հարությունյանն ասաց, որ չի պատրաստվում նման բան անել: «Ես միտք չունեմ դադարեցնել անդամակցությունս»: Հարց ուղղեցիք` ինչո՞ւ են ՀՀԿ ԳՄ անդամները լքում կուսակցությունը, վերջինս պատասխանեց, որ, իր կարծիքով, բոլորը հստակ բացատրություններ արդեն տվել են, եւ ինքը ավելացնելու այլ բան չունի: Փոխարենը ԳՄ-ից ակտիվ գործունեություն են ծավալում միայն Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը։ Անգամ Վիգեն Սարգսյանը, որ ընտրություններին ՀՀԿ ցուցակն էր գլխավորում ու կուսակցությունում դիտվում էր Սերժ Սարգսյանին հավանական փոխարինող, հիմա լուռ է, խորը ընդհատակում է: Եւ արդյունքում ՀՀԿ ԳՄ-ում, մեղմ ասած, տխուր իրավիճակ է: Եթե նույն տեմպով ԳՄ-ից անդամներ դուրս գան, ՀՀԿ-ի ղեկավար մարմինը կկորցնի 2/3-րդ մասը, իսկ կայացրած որոշումները այլեւս իրավազոր չեն լինի։ Չնայած հիմա էլ ՀՀԿ ԳՄ-ն մեծ դժվարությամբ է երկու երրորդը հավաքում, քանի որ նունիսկ նա, ով այդ կուսակցությունից դուրս չի եկել, փաստացի դադարեցրել է կապը: Հ.Գ. Երեկվա դրությամբ Արփինե Հովհաննիսյանի անունն ու լուսանկարը ՀՀԿ կայքում գործադիր մարմնի անդամների ցանկից դեռ հանված չէր: 

Աղբյուր՝https://armlur.am/878063/?fbclid=IwAR2iRefGJi7SEkOjI4I7_D5PPEme7pC88jzIu8Xb3HDX4XAeHYDx8wTetLw

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*